ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Իրանն իր թղթադրամներից կվերացնի չորս զրոն, պաշտոնական արժույթը՝ «իրանական ռիալը», կփոխարինվի «իրանական թումանով»: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նախագիծն առաջարկվել և հավանության է արժանացել կառավարության կողմից դեռևս 2019 թվականի ամռանը, սակայն հենց այսօր է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանն այն հրատապ կարգով ներկայացրել խորհրդարանին:
Բարեփոխման նպատակն է պայքարել մշտական գնաճի և արժույթի ցածր գնողունակության հետևանքով առաջացած խնդիրների դեմ:
«Օրինագծի տեքստում ասվում է, որ Իրանի ազգային արժույթ կդառնա «թումանը», որը համարժեք կլինի ներկայումս գործող 10 հազար ռիալին և 100 պարսեին: Նոր համակարգին անցումը դյուրացնելու նպատակով 2 տարի շարունակ կգործի անցումային շրջան, երբ հնարավոր կլինի վճարման համար օգտագործել ինչպես թումանները, այնպես էլ ռիալները», – ասվում է հրապարակման մեջ:
Այժմ իրանական ռիալը շատ էժան արժույթ է. երկրի կենտրոնական բանկի փոխարժեքով՝ մեկ ամերիկյան դոլարն արժե ավելի քան 420 հազար ռիալ, իսկ շուկայում դոլարի գինը հասնում է ռեկորդային 770 հազար ռիալի: Չորս զրոների վերացումը պետք է դյուրացնի հաշվարկների իրականացումը։
Հավելենք, որ թումանը Իրանի արժույթն էր նաև մինչև 1932 թվականի դրամական բարեփոխումը։
Իրանական ռիալ
© Photo / ЦБ Ирана