«Հինգ անգամ աղոթեցի». Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի առաջնությունում հաղթանակի մասին

Մարզուհին աջակցության համար շնորհակալություն է հայտնել մարզիչներին, ծնողներին, երկրպագուներին, ֆեդերացիային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Գեղասահքի՝ այժմ արդեն Ռուսաստանի կրկնակի չեմպիոնուհի Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ ազատ ծրագրի խաղարկությունից առաջ շատ է հուզվել:
Այսօր Ադելիան երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Ռուսաստանի առաջնությունում:
«Մտածում էի՝ կմեռնեմ... Ոտքերս ցնցվում էին, շատ էի անհանգստանում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գեղասահորդուհին:
Խոսելով ազատ ծրագրի մասին՝ մարզուհին նշել է, որ իր համար հոգեբանորեն դժվար էր հավաքվել։
«Դա ստացվեց իմ մարզիչների, մորս և տատիկիս հաղորդագրությունների շնորհիվ։ Թվում է՝ ես հինգ անգամ աղոթեցի: Երբ դուրս եկա սառույցի վրա, մտածում էի՝ կհանգստանամ, բայց սկսեցի ավելի նյարդայնանալ։ Նայեցի հանդիսատեսին, մի քիչ հանգստացա, եռակի «աքսելից» (գեղասահքում եռակի ցատկը, որն այդպես է կոչվել ի պատիվ նորվեգացի գեղասահորդ Աքսել Պաուլսենի – խմբ.) հետո ինքս ինձ ասացի՝ լավ է ստացվել, նորից արա»,-ասել է 17-ամյա Ադելիան։
Նա հավելել է, որ անչափ երջանիկ է, քանի որ նպատակին հասել է։
Աջակցության համար գեղասահորդուհին շնորհակալություն է հայտնել մարզիչներին, ծնողներին, երկրպագուներին, ֆեդերացիային:
Նշենք, որ մենասահքում Պետրոսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել ինչպես կարճ ծրագրում, այնպես էլ ազատ ծրագրում՝ հավաքելով 262,92 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Դարյա Սադկովան (234,69), երրորդը՝ Ալինա Գորբաչովան (223,92):