Երևանում գրեթե բոլոր օպերատորների մոտ ինտերնետ կապի խափանում է նկատվում

Արխիվային լուսանկար
Team Telecom Armenia ընկերության օպերատորներն առհասարակ զանգերի չեն պատասխանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երևանի տարածքում, հիմնականում Կենտրոն վարչական շրջանում, վերջին օրերին գրեթե բոլոր օպերատորների մոտ ինտերնետ կապի խափանում է նկատվում։
Sputnik Արմենիային «ՕՎԻՈ» ընկերությունից հայտնեցին, որ մի քանի օր է՝ կենտրոնում կա կապի խնդիր, ու իրենց էլ տեղեկացրել են, որ Երևանի քաղաքապետարանն է աշխատանքներ իրականացնում։ Այժմ էլ որոշ հատվածներում մալուխներն են վնասվել, աշխատանքներ են տարվում դրանք կարգավորելու համար։
Նույն խնդիրն առկա է նաև «Յուքոմ» ընկերության մոտ։ Այնտեղից էլ հայտնեցին, որ կենտրոնում օպտիկամանրաթելային մալուխն է վնասվել, նրանց աշխատակիցները նույնպես փորձում են հնարավորինս շուտ վերացնել առաջացած խնդիրը։ Այլ վարչական շրջաններից այս ընկերությունում դեռ նման ահազանգեր չեն ստացվել։
«Վիվա» ընկերությունից նշեցին, որ Երևանի տարածքում այսօր խնդիր չի արձանագրվել, բայց երեկ եղել է, որն արդեն կարգավորել են։ Այսօրվա ընթացքում կապի խափանման հետ կապված այս ընկերությունում ահազանգեր ստացել են միայն մարզերից։
Team Telecom Armenia ընկերության օպերատորներն առհասարակ զանգերի չեն պատասխանում։ Որևէ կերպ հնարավոր չեղավ պարզել` արդյոք իրենց մոտ խափանումներ կան, թե ոչ։
Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել մախուխների հետ կապված տարվող աշխատանքների մասին տեղեկությունը, սակայն մեր զանգերը կրկին մնացին անպատասխան։