Արարատի դպրոցներից մեկի մոտ 13-ամյա դեռահասը դանակահարել է 14-ամյա տղային

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվածն ու կասկածյալը նույն դպրոցի սաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում անչափահասները վիճաբանել են, տեղի է ունեցել դանակահարություն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20–ին։
«Մինչ իրավապահների դեպքի վայր ժամանելը, «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի միջին անոթային գծով 4–րդ և 5–րդ միջկողային տարածորդային կտրած-ծակած վերք թափանցող հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 14–ամյա տղա է»,– գրում է կայքը:
Օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում իրավապահները պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14–ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13–ամյա տղան:
Կասկածյալը ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: