Ճիշտ կանխատեսումներ արած Վովանգային չեն հասնի. սխալ գուշակություններ անելու նուրբ արվեստը

Վլադիմիր Ժիրինովսկին. Արխիվային լուսանկար
Շատ դժվար է համաձայնել անվերջ բարձրաձայնվող կարծիքին, թե կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Իրականում ամենահեշտ ու ամենաանպատասխանատու գործը հենց կանխատեսումներ անելն է։
Sputnik
Այն պարզ պատճառով, որ, նախ՝ հիմա ոչ ոք, բնականաբար, չի էլ հիշում, որ անցած տարեվերջին ես կանխատեսել էի Բայդենի հաղթանակը։ Երկրորդն էլ միշտ արդարացում կգտնեմ, կասեմ՝ ա՛յ, եթե էդ հավերժ ծիծաղող կինը մեջ չընկներ, Բայդենը հաստատ հաղթելու էր։ Բացի դա, մի համոզիչ փաստարկ էլ ունեմ՝ դանիական հեղինակավոր Saxo Bank-ը հունվարին պնդում էր, թե նախագահ է ընտրվելու Ռոբերտ Քենեդին։ Այդ բանկի փորձագետների ֆոնի վրա ես ինձ ընդհանրապես կարող եմ Նոստրադամուս համարել։ Լավ, առնվազն՝ Վանգա։
Իրականում Վանգայի հետ կարող էր մրցել միայն Վլադիմիր Ժիրինովսկին, որին շատերը հենց այդպես էլ անվանում են՝ Վովանգա։ Ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը վերջերս այդ մարդու մասին գրել է. «Ժիրինովսկին երկու օրվա ճշտությամբ կանխատեսեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկիզբը, մասնակի զորահավաքի հայտարարումը, Ղրիմի միացումը Ռուսաստանին, իսկ ուղիղ 20 տարի առաջ՝ 2004 թվականին, ասաց ամերիկացիներին. «Ձեր ապագա առաջնորդը սևամորթ է լինելու»։ Հինգ տարի անց ԱՄՆ-ի նախագահ ընտրվեց Բարաք Օբաման»։
Դե հիմա համեմատե՛ք։ Նույն Saxo Bank-ը պնդում էր, թե այս տարի նավթի համաշխարհային գինը կհասնի 150 դոլարի։ Երեկ Նյու Յորքի բորսայում Light Sweet տեսակի նավթի գինը կազմել է մոտ 70 դոլար, այսինքն, ավելի քան երկու անգամ պակաս, քան կանխատեսում էր դանիական բանկը։ Նույն փորձագետներն անցած տարվա վերջին պնդում էին՝ 2024 թվականին կհայտնագործվեն գիրությունը կանխող արդյունավետ դեղամիջոցներ, և միլիոնավոր մարդիկ կհրաժարվեն տարբեր տեսակի դիետաներից, որովհետևցանկացած մարդ՝ օգտագործելով այդ դեղերը, կկարողանա խուսափել գիրությունից։ Ճիշտն ասած, չեմ լսել նման հրաշք միջոցի մասին, եթե դուք լսել եք, չե՞ք ասի՝ որտեղից կարելի է գնել։ Նոր տարին է մոտենում՝ իր անխուսափելի տոլմայով ու բլինչիկներով, տեղ-տեղ նույնիսկ խոզի բդով։
Եղել են նաևշատ ավելի համարձակ կանխատեսումներ։ Օրինակ` ամերիկացի փորձագետների խումբը անցած տարվա այս նույն օրերին պնդում էր՝ տասնամյակների ընդմիջումից հետո կվերսկսվեն մարդկանց թռիչքները դեպի «Լուսին»։ Մեջբերեմ լրատվամիջոցներից մեկի նյութից. «2024 թվականի նոյեմբերին մեկնարկելու է «Արտեմիս» առաքելությունը դեպի Լուսին, որի նախապատրաստումն իրականացնում է NASA-ն՝ գործընկերների հետ։ Հրթիռի անձնակազմը մի քանի անգամ կպտտվի «Երկրի» բնական արբանյակի շուրջը և կվերադառնա։ Եթե ամեն ինչ հաջող ավարտվի, NASA-ն կանցնի հաջորդ քայլին՝ ուղարկելով տիեզերագնացներ, որոնք վայրէջք կկատարեն «Լուսնի»վրա»: Չգիտեմ, ամեն օր ուշադիր հետևում եմ լրահոսին, բայց չեմ հանդիպել գեթ մի հաղորդագրություն այն մասին, որ տիեզերագնացներն այս տարի պտտվել են «Լուսնի» շուրջը։
Գերմանական Volocopter ստարտափն անցած տարի հայտարարել էր, որ 2024 թվականի ամռանը Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ կգործարկի իր VoloCity օդային տաքսին Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Օլիմպիադան անցավ, հիշվեց իր սկանդալներով՝ կապված բացման արարողության ժամանակ ցուցադրված խիստ վիճահարույց դրվագների և Սեն գետի ակնհայտորեն ոչ այնքան մաքուր ջրում կազմակերպված մրցումների հետ, բայց որևէ օդային տաքսի ոչ ոք այդպես էլ չտեսավ։ Գերմանական ընկերությունն ի վերջո խոստովանեց՝ փողը չհերիքեց։ Անպայման հիշեք այս հանգամանքը՝ կանխատեսումների մի զգալի մասը իրականություն չի դառնում հենց միայն փողի բացակայության պատճառով։
Ճիշտ է, կան նաևկանխատեսումներ, որոնք պարզապես չգիտես, թե ինչի վրա են հիմնված։ Շատ լավ հիշում եմ, որ անցած տարվա վերջին ես նույնիսկ եթերով էի հնչեցրել լոնդոնյան առաջատար թերթերից մեկի պնդումը՝ Չարլզ Երրորդը, որը նոր է թագավոր դարձել, հաջորդ տարի՝ 2024 թվականին, կհրաժարվի գահից, և նրա տեղը կզբաղեցնի արքայազն Ուիլյամը։ Իհարկե, ակնհայտ է, որ նոր թագավորին բրիտանացիները այնպիսի ակնածանքով չեն վերաբերվում, ինչպես Եղիսաբեթ Երկրորդին. որ որոշ անգլիացիներ ավելի ու ավելի հաճախ են փողոց դուրս գալիս պաստառներով, որոնց վրա Չարլզի նկարն է, տակն էլ գրված՝ «Not my King», այսինքն՝ դու իմ սրտի թագավորը չես։ Հետո՞ ինչ, մեզ մոտ արդեն քանի տարի է մարդիկ փողոցներում ու հրապարակներում հասկացնում են, որ Հայաստանի ղեկավարը իրենց սրտի վարչապետը չի։ Դա հո հրաժարականի պատճառ չի՞ դառնում։
Իսկ ընդհանրապես սխալ կանխատեսումները միշտ էլ ավելի շատ են լինում, քան ճիշտ կանխատեսումները։ Ես չեմ ասում։ Այդպես է պնդում ամերիկացի հետազոտող և հեղինակ Ֆիլիպ Թետլոկը, որը 80-ականներից ուսումնասիրում է, այսպես ասենք, «գուշակությունների ոլորտը»։ Նրա վկայությամբ, ոչ միայն կանխատեսումների մեծ մասն է սխալ դուրս գալիս, այլևօդ նետած մանրադրամն ավելի մեծ հավանականությամբ կարող է ճիշտ կանխատեսել որևէ իրադարձություն, քան որոշ փորձագետներ։ Հիշե՛ք մասնագետի այս եզրակացությունը առաջիկա օրերին, երբ բազմաթիվ դատողություններ կլսեք այն մասին, թե ինչ է սպասվում 2025 թվականին։ Նաեւ՝ իմ դատողությունները։