ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը երկրի տարածքում արևմտյան զենքով հարվածներին պատասխանելու մասին: Այս մասին պաշտոնյան ասել է լրագրողներին՝ ի պատասխան հարցի` բարձր տեխնոլոգիական մենամարտ անցկացնելու առաջարկը կատա՞կ էր, թե՞ Արևմուտքը պետք է լուրջ վերաբերվի դրան։
Պուտինը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը նույն պահին պատրաստ է տեխնոլոգիական մենամարտի՝ օգտագործելով «Օրեշնիկ» հրթիռային համակարգը:
«Լավ հայտնի է ՌԴ դիրքորոշումը, որը նախագահ Պուտինը հնչեցրել էր դեռևս ամռանը Սանկտ Պետերբուրգում և վերաբերում էր հավաքական Արևմուտքի երկրների հրահրած էսկալացիային, երբ որոշվեց արտասահմանյան արտադրության հրթիռներ օգտագործել ՌԴ տարածքի ուղղությամբ։ Գիտեք` նման հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության տարածքին։ Եվ տեղյակ եք, որ նախագահն ասել է, որ ամեն անգամ պատասխան կլինի: Դուք տեսնում եք, որ պատասխանները հետևում են, ինչպես ասել է նախագահը», - նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ նոյեմբերին, ի պատասխան արևմտյան զենքի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների, Ռուսաստանը ոչ միջուկային հիպերձայնային սարքավորումներով հագեցած «Օրեշնիկով» հարված հասցրեց Դնեպրոպետրովսկում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը: Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պետք է ապահովվի նման համալիրների սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար: