Հունգարիան պայմանավորվել է «Գազպրոմբանկի» պատժամիջոցների ժամանակավոր դադարեցման մասին

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» և նրա արտասահմանյան 6 դուստր կառույցների նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հունգարիան պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ երեք ամսով կասեցնել «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ՝ գազի դիմաց վճարման այլընտրանքային եղանակի վերաբերյալ, հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով MTI գործակալությունը։
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» և նրա արտասահմանյան 6 դուստր կառույցների դեմ: Այս կապակցությամբ «Գազպրոմբանկը» նախազգուշացրել է հաճախորդներին արտասահմանում Union Pay քարտերի օգտագործման հետ կապված խնդիրների մասին:
«Ամերիկացիների հետ հաջողվել է պայմանավորվել, որ «Գազպրոմբանկի» նկատմամբ պատժամիջոցները կդադարեցվեն 3 ամսով, այնպես որ այս խնդիրը վերացված է. մենք նաև պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ գազի մատակարարումների վճարման այլընտրանքային եղանակի մասին», -հայտարարել է Օրբանը:
Հիշեցնենք՝ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ գազի պաշարների նվազման, ցրտի և մատակարարումների հնարավոր սահմանափակման ֆոնին և «Գազպրոմբանկի» դեմ ԱՄՆ պատժամիջոցներից հետո Եվրոպան բախվում է նոր էներգետիկ ճգնաժամի: Նշվում էր, որ այս տարի գազի գներն աճել են 45 %-ով, իսկ Եվրոպայի գազի պաշարներն արագ սպառվում են, քանի որ ցուրտ ջերմաստիճանի պատճառով պահանջարկն աճել է: