ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ համաքաղաքացիական, դիվանագիտական և ծառայողական։ Այդ մասին «X»-ի էջում հայտնում է Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։
«Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և ինստիտուտների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։
Հիշեցնենք` դեռ նախորդ տարի Sputnik Արմենիան դիմել էր ԱԳՆ և հետաքրքրվել, թե ինչպես է Երևանը մտադիր համագործակցել Կոսովոյի հետ միջազգային հարթակներում, եթե չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը։
ԱԳՆ–ից արձագանքել էին, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, կողմերի միջև առկա է երկխոսություն տարբեր մակարդակներում և հարթակներում: Մասնավորապես` պարբերական են ԱԳ նախարարների հանդիպումները ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, այնպես էլ այլ շրջանակներում։ Բացի այդ, ընդգծվել էր, որ Կոսովոն անդամակցում է մի շարք միջազգային կառույցների (Համաշխարհային մաքսային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որոնց անդամ է նաև Հայաստանը։