ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Դեկտեմբերի 18-ին «Վերին Լարսով» Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրումից հետո վերսկսվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ապահովվում է շուրջօրյա ռեժիմով՝ միայն ձնահոսքապաշտպան թունելների միջոցով:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):