ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ երկիրը ժամանակին հեռացել է անդունդի եզրից: Այսպես է նա BBC-ի հարցին պատասխանել մեծ մամուլի ասուլիսի և «Ուղիղ գծի» ընթացքում: Լրագրողը հարցրել է նախագահին, թե արդյոք նա փրկել է Ռուսաստանը, ինչպես որ Բորիս Ելցինը հրաժարական տալիս կտակել էր նրան։
«Ես կարծում եմ, որ ոչ միայն փրկել ենք։ Մենք հեռացել ենք անդունդի եզրից։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում Ռուսաստանում և' դրանից առաջ, և' դրանից հետո, մեզ տանում էր դեպի ինքնիշխանության տոտալ կորուստ։ Իսկ առանց ինքնիշխանության Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ որպես ինքնուրույն պետություն», - ասել է Պուտինը։
Ինչ վերաբերում է Ելցինին, ապա Արևմուտքում խրախուսաբար թփթփացնում էին նրա ուսին, չնկատելու տալով, երբ նա «մոտենում էր բաժակին»։ Բայց հենց որ Ելցինը ձայն բարձրացրեց ի պաշտպանություն Հարավսլավիայի՝ ասելով, որ Հարավսլավիային ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածները հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, նրան անմիջապես սկսեցին հետապնդել և անվանարկել։
Նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստանը լինի ինքնուրույն, ուժեղ տերություն, որն ի վիճակի է իր շահերից ելնելով որոշումներ կայացնել: