ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ահաբեկչական գործողություն է անվանել ՌԴ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի սպանությունը:
«Այս սպանությունը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով։ Կիևի ռեժիմը բազմիցս նման ահաբեկչական հանցագործություններ է կատարել Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ: Ե'վ Կուրսկի մարզում այժմ, երբ նրանք գնդակահարում են խաղաղ քաղաքացիների, և' Ռուսաստանի այլ տարածքներում սպանում էին լրագրողներին»,-ասել է Պուտինը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևմուտքի, արևմտյան ԶԼՄ-ների կողմից նման ահաբեկչությունների կապակցությամբ ոչ մի անգամ դատապարտման խոսքեր չեն եղել։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանի պողոտայում գործի է դրվել պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել տան մուտքի մոտ կանգնած ինքնագլորի վրա: Զոհվել են ՌԴ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: Ավելի ուշ ԱԴԾ-ից հայտնել են, որ ձերբակալվել է Ուզբեկստանի քաղաքացի, որն ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել էր՝ սպանության կատարման համար 100 հազար դոլարի և Եվրամիություն դուրս գալու խոստումների դիմաց: