Փաշինյանը դեմ չէ խաղաղության պայմանագիր կնքելու համար Ալիևի պայմաններին` վերապահումներով

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, համաձայնել է Ալիևի այն թեզի հետ, որ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը պետք է հետքաշվեն` նշելով, որ այդ գաղափարն ընդունելի է Հայաստանի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմաններին, բայց վերապահումներով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում։
Նշենք, որ Ալիևը դեկտեմբերի 18-ին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին հարցազրույց էր տվել, որտեղ հաստատել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան–Ադրբեջան սահմանին 3–րդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը:
«Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Առաջարկների վերաբերյալ դեռևս պատասխաններ չենք ստացել: Առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։ Սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում»,– նշել է Փաշինյանը:
Նա հավաստիացրել է, որ ամբողջական սահմանազատումից հետո, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում 3–րդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը:
Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը, ՀՀ վարչապետն ընդգծել է` երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է Հայաստանի համար:
«Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի։ Երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը հետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատև աղբյուր դարձնելով»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից: Ընդգծել է` ՀՀ–ն պատրաստ է գնալ նման ճանապարհով և այս փուլում լուծումներ է փնտրում նաև անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով:
Անդրադառնալով նաև այն հարցին, որ Ալիևը նաև խոսել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին, Փաշինյանը շեշտել է` գաղափարը կառուցողական է։
Ընդգծել է` Հայաստանը հասկանում է այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը։ Միևնույն ժամանակ նա շեշտել է` ուզում են համոզվել, որ հենց այդ նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը։