Ռուսաստանի նախագահը քաղաքացիների և լրագրողների հետ 4,5 ժամ տևած «Ուղիղ գծի» ժամանակ, ավանդույթի համաձայն, իր պատասխանները համեմեց զավեշտալի ու կատակային արտահայտություններով, ինչպես նաև ջերմ հիշողություններով: Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանին վերաբերվում է որպես ընտանիքի։ Հետաքրքիր ընտրանի՝ ըստ Sputnik Արմենիայի։
Շրյոդերի երգերը
Պուտինը հիշել է, թե ինչպես Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի ծննդյան օրը ժամանած բոլոր երաժշտական խմբերը երգում էին անգլերեն: Բացի Կուբանի կազակական երգչախմբից, որը երգեց գերմաներեն:
Երգչախումբը Գերմանիայի ճանապարհին հատուկ երգեր էր սովորել՝ գերմանացիների հանդեպ հարգանքից ելնելով, ասել է նախագահը:
Հետո՝ ընդմիջմանը, շատերը մոտեցան ինձ և ասացին՝ «Մենք ամաչում ենք, որ միայն ռուս կազակներն էին երգում գերմաներեն»:
NBC-ի հարցը և Տվենից մեջբերումը
Պուտինը ուղիղ գծի ընթացքում, պատասխանելով ամերիկյան NBC-ի թղթակցի «Ռուսաստանի թուլության» մասին հարցին, ընդգծել է, թե որքան անհեթեթ են նման արտահայտությունները և մեջբերել է ամերիկյան հայտնի գրող Մարկ Տվենին. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։
Աղջիկներ են պետք, աղջիկներ
Պուտինը ուշադրություն է հրավիրել ժողովրդագրության խնդրի վրա և նշել, որ ծնելիության անկման երկու ալիքների (Մեծ Հայրենականից և Խորհրդային Միության փլուզումից հետո) հետևանքով վերարտադրողական տարիքի կանանց թիվը կրճատվել է մեկ երրորդով:
Երկրի ղեկավարը հայտնել է, որ ծնելիության գործակիցը նվազել է մինչև 1,41, ինչը շատ քիչ է, և այն պետք է բարձրացնել առնվազն մինչև 2,3:
«Աղջիկներ են պետք, աղջիկներ... Բոլոր տարածաշրջանների ղեկավարների աշխատանքային օրը պետք է սկսվի և ավարտվի այս հարցով», – հավելել է Պուտինը:
Ոչ ավանդական հյուրը՝ բլոգեր Վլադիսլավ Բումագան
Խոսքը փոխանցելով 80 միլիոն բաժանորդ ունեցող բլոգեր Վլադիսլավ Բումագային՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նրան անվանել է ոչ ավանդական հյուր: Դրան ի պատասխան՝ Պուտինը ռեպլիկ է նետել. «Ի՞նչ իմաստով» և կատակել. «Հայտնի չափով թուղթը (бумага՝ թարգմանաբար «թուղթ») քարից ուժեղ է»: «Վլադ А4» մականունով հայտնի բլոգերը հարց է տվել Ռուսաստանում Youtube-ի արգելափակման մասին։ ՌԴ նախագահն ասել է, որ եթե YouTube-ն ու Google-ը փոխեն Ռուսաստանում իրենց աշխատանքի սկզբունքները, ապա խնդիրներ այլևս չեն ունենա:
Բլոգերների աշխատանքին բարի երթի խոսքեր ասելու խնդրանքի կապակցությամբ Պուտինն ասել է. «Վստահ եմ, որ նման խորհուրդներն անօգուտ են։ Ձեզ և ձեզ նման մարդկանց համար, հատկապես հիմա, երբ հայր եք դարձել, պատասխանատվության զգացումը մեծանում է։ Եվ այդ պատասխանատվությունը ձեր երեխայի, այն երկրի համար, որտեղ նա ապրելու է, ձեզ ավելի լավ կկողմնորոշի, քան դա կանեմ ես։ Այն, թե ինչն է օգտակար, ինչը՝ վնասակար, և ինչի դեմ պետք է պայքարել՝ դա ոչ թե իմ ցուցումով է, այլ սրտի կանչով»:
«Որովհետև դուք դա մինչև վերջ եք արել»
Պուտինը պատմել է, թե ինչպես է իր մարզիչ Անատոլի Ռախլինն իրեն ցույց տվել, թե ինչու է կարևոր համառությունը: Նախագահը հիշել է, որ երբ ինքը մյուս տղաների հետ առաջին անգամ եկել է ձյուդոյի խմբակ, իրեն խնդրել են ձգում անել։
Հետո նրան ընդունել են, իսկ ավելի շատձգված տղաներին՝ ոչ։ Մի քանի տարի անց ինքը հասկացել է, թե ինչու:
Պուտինն ասել է, թե ում հետ մի բաժակ թեյ կխմի
Այն հարցին, թե ներկայումս ապրող կամ հեռացած որ մարդկանց հետ կցանկանար մեկ բաժակ թեյ խմել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է իր ընկերներին և հարազատներին: Իսկ հեռացած առաջնորդների թվում նշել Է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլին, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
ՌԴ առաջնորդն ասել է, որ կցանկանար շփվել նրանց հետ և խոսել տարբեր թեմաների շուրջ։ Խոսելով հեռացած համաշխարհային առաջնորդների մասին՝ Պուտինն ընդգծել է Քոլի մեծ անհատականությունը և նրա նշանակությունը ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև սեփական համոզմունքներով մարդ՝ անվանելով նրան ժամանակակից խոշոր քաղաքական գործիչ։
Հետաքրքիր մարդկանց ցանկում նա նշել է Ֆրանսիայի առաջնորդ Շիրակին՝ նրան անվանելով քաղաքավարի ու ինտելիգենտ մարդ։ Պուտինը նաև առանձնացրել է Բեռլուսկոնիի ճարպկությունը և իտալո-ռուսական հարաբերություններում նրա ներդրումը:
«Նրանք սեփական կարծիք ունեցող անհատներ էին և կենտրոնացած էին իրենց երկրների պետականության վրա»։
Պուտինն իր բանկային ավանդների մասին
«Ես ի սկզբանե ավանդ ունեի «Սբերբանկում», բայց երբ «Ռուսաստան» բանկի նկատմամբ կիրառվեցին պատժամիջոցներ, իմ ավանդը և աշխատավարձս ցուցադրաբար փոխանցեցի այնտեղ»։
Պետք է հուղարկավորել Լենինին, բայց ոչ հիմա
«Մի պահ, հավանաբար, հասարակությունը դրան կմոտենա, բայց հատկապես այսօր Ռուսաստանում չպետք է ձեռնարկենք որևէ քայլ, որը պառակտի ժողովրդին», - պատասխանել Է նախագահը Լենինի մարմինը հուղարկավորելու մասին հարցին:
Բայդենի կողմից որդուն ներում շնորհելու մասին
«Ինչ վերաբերում է Բայդենին, ապա, գիտեք՝ նա քաղաքական գործիչ է։ Եվ միշտ կարևոր է, թե ինչն է ավելի շատ քո մեջ՝ քաղաքականությունը, թե մարդը։ Պարզվեց, որ Բադենի մեջ մարդկայինը գերակշռում է։ Ես չէի դատապարտի նրան այդ բանի համար», - ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պատմության մեջ կան այլ օրինակներ, ինչպես՝ Ստալինի պատմությունը: Խորհրդային առաջնորդը հրաժարվեց փոխանակել իր որդի Յակովին, որը գերմանական գերության մեջ էր, Ստալինգրադի մերձակայքում գերեվարված ֆելդմարշալ Պաուլյուսի հետ: Հայտնի է Ստալինի արտահայտությունը. «Ես զինվորին ֆելդմարշալի հետ չեմ փոխի»:
Պոռնոկայքերի դեմ պայքարելու խորհուրդ
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ պետք է ավելի հետաքրքիր բովանդակություն ստեղծել։ «Պետք է միշտ այլընտրանք առաջարկել։ Ավելի հետաքրքիր, քան պոռնոկայքերինը: Այնպես, որ մարդը բացի պոռնոկայքը և ասի՝ «Ես այդ ամենն արդեն տեսել եմ», - հայտարարել է նա։
Ընդ որում, էրոտիկ բովանդակությամբ կայքերի գոյությունը նախագահն ամբողջ աշխարհի դժբախտությունն է անվանել։
Երեք տառանոց անեկդոտ
Պատասխանելով դահլիճում ներկա լրագրողներից մեկի հարցին այլ երկրների բնակիչների մասին, որոնք, նրա խոսքով, առաջիկա 10 տարում «կարող են ջրի տակ անցնել», պետության ղեկավարը հիշել է սեղանի շուրջ նստած ընտանիքի մասին կատակը: «Փոքրիկ տղան խաչբառ լուծելիս՝ ասում է. «Անվանեք 3 տառից բառ»: Մայրը գդալով խփում է նրա ճակատին։ Որդին ասում է. «Ինչի՞ համար, ախր դա «տուն»-ն էր։ Այդ ժամանակ հայրը գդալով կնոջն է խփում և ասում. «Տան մասին պետք է մտածել»,- ասել է Պուտինը՝ դիմելով հարցի հեղինակին։
Ինչ է փոխվել Պուտինի մեջ ՀՌԳ-ից հետո
«Անկեղծ ասեմ՝ ես սկսեցի ավելի քիչ կատակել և գրեթե դադարեցի ծիծաղել: Սկսեցի կատարելագործել իմ հմտությունները՝ գտնելու հիմնական խնդիրները և դրանց լուծման վրա կենտրոնանալու հնարավորությունը»:
Պուտինը հայտարարել է, որ եթե անգամ փոխեր 2022 թվականի փետրվարին Հատուկ ռազմական գործողություն սկսելու իր որոշումը, ապա պետք էր դա անել ավելի վաղ և պատրաստվել դրան։
«Հիմա Դուք հնարավորություն կունենաք հարձակվել մեզ վրա»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բրիտանական թղթակցին առաջարկել է «հարձակում գործել»՝ հեգնանքով արձագանքելով համատեղ Ուղիղ գծի և մամուլի ասուլիսի ժամանակ հարց տալու նրա ցանկությանը:
«Դուք անընդհատ հարձակվում եք մեզ վրա, մենք միայն պաշտպանվում ենք», - ասել է նա:
Երջանկության մասին
Պուտինը չի կիսվել իր անձնական երազանքով, սակայն հայտարարել է, որ այն ունի։ Ընդ որում, նա ասել է, որ չի կարող իրեն երջանիկ համարել, քանի դեռ բոլոր զինվորականները մարտի դաշտից չեն վերադարձել իրենց ընտանիքներ, իսկ երիտասարդ զույգերը չեն տվել պետության ժողովրդագրության բարձրացման համար անհրաժեշտ երեխաների թիվը: