ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում պարտադիր զինծառայության զորակոչված անձը оրենքով սահմանված հիվանդությունների հայտնաբերման դեպքում մեկ տարվա տարկետման իրավունք կունենա` առանց երկարաձգման հնարավորության, ծանր հիվանդությունների դեպքում` մինչև 3 տարվա։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանի խոսքով` մեկ տարվա ընթացքում անձը կառավարության հաշվին կբուժվի և, առողջության վատթարացում չարձանագրելուց դեպքում, նա սահմանափակումով կզորակոչվի, կճանաչվի պիտանի ու կանցնի լիարժեք ծառայության։
«Խոսքը ոչ ակներև հիվանդությունների մասին է. օրենքով սահմանված հիվանդությունների տեսակներ կան, որոնց դեպքում տարկետումը կլինի 1 կամ 3 տարով։ Ցավոք, հանրության մեջ չկա այդ շահագրգռվածությունը` բժշկական միջամտություն անելով առողջությունը վերականգնել։ Արդյունքում, մինչ օրս նման անձինք կարողացել են մեկ տարվա տարկետումը էլի ու էլի երկարաձգել։ Այս կարգը դարձել էր պարտադիր զինծառայությունից խուսափելու մի սողանցք»,– հայտարարեց նախարարը։
Նա անդրադարձավ նաև լեղապարկի վիրահատությանը` նշելով, որ ՀՀ ԶՈւ սպաների մի զգալի հատված տարիքի բերումով ունենում է նման խնդիրներ։
«Հաշվի առնելով, որ ժամանակակից վիրահատությունները լինում են շատ արագ ու առողջության վրա էական ազդեցություն չեն թողնում, ապա այս դեպքում սահմանափակումով ծառայելու հնարավորություն կընձեռվի»,– ընդգծեց Պապիկյանը։
Նրա խոսքով` այս որոշման արդյունքում շատ սպաներ հնարավորություն կունենան ծառայությունը շարունակելու և հետագայում ատեստավորվելու։