ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրագրողներին հայտարարել է, որ սահմանափակումները մտցվել են Բաշար Ասադի կառավարության դեմ, իսկ իշխանափոխությամբ «իրավիճակը փոխվել է»:
«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք իշխանափոխության գործընթացում, երբ, կարծում եմ, երկու կողմերն էլ մեծ աշխատանք ունեն անելու, բայց ես հավատում եմ, որ այն դրամատիկ իրավիճակում, որը մենք ունենք Սիրիայում, պետք է լինի գոնե առաջին ժեստը, որը համերաշխություն կցուցաբերի սիրիացի ժողովրդին, քանի դեռ բոլոր պատժամիջոցները չեղարկելու պայմանները չեն կատարվել», – ասել է միջազգային կազմակերպության ղեկավարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: