ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Այս տարի աշնանը հայկական երկու ֆիլմեր են գրաքննության ենթարկվել և ադրբեջանական սպառնալիքների տակ հետ կանչվել միջազգային կինոփառատոներից։ Այսօր Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի առջև հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գրող Հովհաննես Իշխանյանը։
«Այս տարի աշնանը երկու հայկական ֆիլմեր են գրաքննվել՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենը, ինչ ինձ պետք է» ֆիլմը (11-րոպեանոց խաղարկային ֆիլմ Շուշիի մասին-խմբ), որը Մարոկկոյի Issni Nurgh միջազգային փառատոնից է հանվել է Ադրբեջանի սպառնալիքների տակ, մյուսն էլ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (Արցախի մասին -խմբ․) վավերագրական ֆիլմն է, որը Հորդանանը ներկայացրել էր «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում, հետո էլ հետ կանչել»,- ասաց Իշխանյանը՝ շեշտելով, որ պետք է գործընթաց սկսել հայկական ֆիլմերի պաշտպանության համար։
«Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ միջազգային կինոփառատոններում ներկայացվող հայկական ֆիլմերի հանդեպ ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ ոտնձգություններ է կատարում, իսկ ՀՀ համապատասխան մարմինները տոտալ անգործության են մատնված։
«Հայկական ֆիլմերը, որոնք տարբեր երկրներում ներկայացվում են կինոփառատոների, մանավանդ այն ֆիլմերը, որոնց մեջ կա ազգային բովանդակություն, հայկական օրակարգ, Արցախի հետ կապված ինչ-որ առնչություն, հետևողական ձևով ադրբեջանական դիվանագիտական միջամտության արդյունքում հանվում են փառատոներից»,- նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ իրենք դիմել են պատկան մարմիններին՝ ՀՀ արտաքին գործերի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ, որ միջամտեն գործընթացին և պաշտպանեն հայկական ֆիլմերը։ Նրանց խոսքով՝ գերատեսչություններում զանազան պատճառաբանություններ են բերել նշելով, թե իրենք ոչինչ չեն կարող անել։
«Սա ևս մեկ դրևսորում է պետության չգոյության հանրային կյանքում, պետության կողմից իր քաղաքացիների իրավունքների և շահերի միտումնավոր չպաշտպանության»,- ասաց Սողոմոնյանը։
Ըստ նրա՝ քանի որ համապատասխան մարմինները չեն աշխատում, ուստի ստիպված քաղաքացիական հասարակությունն է իր վրա վերցնում հայկական ֆիլմերի պաշտպանության օրակարգը։ Իրավիճակով մտահոգ հասարակական, մշակութային գործիչները պատրաստվում են ոչ միայն նամակ հղել ՀՀ ԱԳՆ, այլև միջազգային կինոփառատոներին դիմել։