Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց երկու պետությունների միջև համապատասխան կոնվենցիայի ստորագրմանը։
Կոնվենցիայով հնարավոր կլինի խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ։
«Կստեղծվի ներդրումային բարենպաստ միջավայր, կխթանվի երկկողմ առևտրաշրջանառությունը, ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային միջավայր։ Բացի այդ, կստեղծվի կանխատեսելի և կայուն հարկային դաշտ ներդրողների համար»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Բացի այդ, կառավարությունից նշում են, որ կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել Հայաստանի և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Նշենք, որ Ճապոնիան Հայաստանի խոշորագույն դոնոր երկրներից է: 1992 թ. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով տրամադրված դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 84 մլն ԱՄՆ դոլար:
Հայաստանի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը հավանության արժանացավ