ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը, եթե ճիշտ լիներ, ԼՂ բնակչությանը Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում։
Նա հիշատակել է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում ընդհանուր հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ կրկին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, բայց բայց մայր օրենքի ոչ մի հոդվածում ուղղակի կամ անուղղակի հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին: ՀՀ վարչապետը կրկին հիշեցրել է Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման մասին, որով, սակայն, Բաքուն չի բավարարվում։
Փաշինյանը շարունակել է. եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունվի այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել։
«Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին»,– ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հերթական անգամ պահանջել էր, որ հայկական կողմը փոխի իր Սահմանադրությունը, քանի որ այնտեղ հղում կա Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ, իր հերթին, պահանջներ կան Ադրբեջանի տարածքի նկատմամբ: