Անվտանգային խնդիրներ, կոռուպցիոն ռիսկեր. Վահան Ավագյանը` տրանսպորտային նոր համակարգի մասին

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վստահ է, որ տրանսպորտային նոր համակարգը չի վերացնի «ստվերը», հակառակը` ավելի կխորացնի, իսկ այն, ինչ անում է իշխանությունը, շոու է։
Sputnik
Երևանի քաղաքապետարանի հայտարարած տրանսպորտային բարեփոխումներին հաշված օրեր են մնացել, մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն` հունվարի 1–ից ինչպես են օգտվելու հանրային տրանսպորտից և, ամենակարևորը, միջինում ինչքան են վճարելու մեկ ուղևորափոխադրման համար։ Երևանի քաղաքապետարանը հասարակությանը հուզող հարցերի պատասխանները չի տալիս անգամ պաշտոնական հարցման պարագայում։ Կարելի է ասել` քաղաքային իշխանության հետ ավագանու ընդդիմադիր խմբակցություններից համագործակցում է միայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը, որի ղեկավար Վահան Ավագյանի հետ էլ փորձել ենք որոշակի հարցերի պատասխաններ ստանալ։
– Պարոն Ավագյան, ի վերջո ի՞նչ է սպասվում հունվարի 1–ից հետո։
– Լուրջ խնդիրներ կան։ Իրականում ՔՊ–ն ուզում է ռեֆորմ անել, գեղեցիկ փաթեթավորած ցույց է տալիս, բայց, ինչպես միշտ, խառնում է հերթականությունը։ Ռեֆորմ անելուց առաջ պետք է ունենալ կահավորված կանգառներ, չվացուցակներ։ Բազմաթիվ թերություններ կան «Telcell»-ի հետ կապված, ունենք անվտանգային լուրջ խնդիրներ։ Քաղաքացիների մասին ամբողջ տեղեկությունը հայտնվում է մասնավոր ընկերության ձեռքում, սերվերների խնդիր կա, թե ով է հետևում և ինչպես։ Այդ նույն ծրագրի մեջ մտնում է նաև Երևանի մետրոպոլիտենը, որը ստրատեգական կառույց է։ Շատ բայցեր ու բացեր կան, որոնց հետ մենք համաձայն չենք։
– Կոռուպցիոն ռիսկեր չեք տեսնո՞ւմ։
– Ամենագլոբալ, չերևացող կոռուպցիոն ռիսկն այն է, որ «Telcell»-ով ինչ լինի, մենք չենք տեսնի, ոչ մեկը չի տեսնի, նույնիսկ ավագանին չի կարողանա դա տեսնել։ Ես կցանկանայի, որ դա վերահսկեին նաև ԱԱԾ–ն, ՆԳՆ–ն, այդ սերվերների հասանելիություն ունենային։ Կայացած մրցույթն էլ, որում «Telcell»-ը հաղթել է, ինձ համար մութ պատմություն է։
– Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել մինչև հունվարի 1-ը։
– Քանի որ ստացվել է այնպես, որ մենք փոքրամասնություն ենք Երևանի ավագանիում, և ՔՊ–ն ու «Հանրապետություն» խմբակցությունը կոալիցիա են կազմել և իրենց բերած հարցերն անցկացնում են, մենք որոշեցինք այս դեպքում փորձենք անցկացնել մեր նախագիծը։ Փետրվարից սկսեցինք իրենց հետ քննարկել, հետո հաստատեցինք մի նախագիծ, որով պատերազմում զոհված և ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքները կկարողանան անվճար երթևեկել։
– Անդրադառնալով տրանսպորտի գներին` մի օրինակ բերեմ` ես տրանսպորտից օգտվում եմ շաբաթական 7 անգամ...
– Այս հարցերին պատասխանել է քաղաքապետը, ես չեմ ուզի բացատրել ՔՊ–ի կալամբուրը։
– Փաթեթների արժեքն այս դեպքում շատ կարևոր է, քանի որ դուք` որպես ընդդիմություն, պետք է հետաքրքրվեք նաև դրանց արժեքներով։ ՔՊ–ի հետ քննարկում ունեցե՞լ եք, որ սակագինը բարձր չլինի։
Մոլորության մեջ են գցում երևանցիներին. Պիպոյանը` տրանսպորտային բարեփոխումների մասին
– Մինչև այդ փաթեթների ի հայտ գալը շատ չոր քննարկումներ ենք ունեցել, երևի շատերը մոռացել են, որ ամսական 9000 դրամը սկզբում 12.000 դրամ էր, անսահմանափակ փաթեթներ չկային։ Մենք ինչքան կարողացել ենք, պոկել ենք երևանցու համար։ Բայց հասկացանք, որ մեր ընդդիմադիր խմբակցությունները ընդհանրապես չեն ուզում մեզ հետ միավորվել և մտնել պայքարի մեջ։ Մենք իրականում կարող ենք շատ ավելի ուժեղ լինել, եթե մեզ օգնեն այդ երկու ֆրակցիաները, որոնք զբաղված են շոուներով։
– Ձեր խմբակցությանը հաճախ են մեղադրում, որ դուք համագործակցում եք ՔՊ–ի հետ, ապահովում եք քվորումը և իշխանությանը շանս եք տալիս իրենց ուզած նախագիծն առաջ տանել։ Եթե դեմք եք այս նախագծին, մինչև հունվարի 1–ը պատրաստվո՞ւմ եք բանակցել ընդդիմության հետ, ՔՊ–ի հետ, բերել մի նախագիծ, որն ավելի մատչելի կլինի, ավելի լավ պայմաններ կստեղծի քաղաքացիների համար։
– «Մայր Հայաստանը» բերել էր նման նախագիծ, մենք կողմ քվեարկեցինք` իմանալով, որ դա ծանր բեռ է, և մենք չենք կարող վերցնել, էլ ինչի՞ ցույց տանք ժողովրդին, որ տեսեք` տանջվում ենք, չարչարվում ենք։ Իրենք բերել էին նախագիծը, բայց իրենց ավագանու անդամներին չէին բերել, խնդիրը հենց դրանում էր։ Նման նախագիծ ով էլ բերի, մենք կանգնելու ենք այդ ուժի կողքին։ ՔՊ–ն կբերի, թե «Մայր Հայաստանը», թե մյուսը, ինձ համար դրանք բոլորը նույն են։
– Որոշ ժամանակ առաջ հայտարարվեց, որ հանրային տրանսպորտում բացի QR կոդերից հնարավոր կլինի վճարել բանկային քարտերով: Սակայն սոցցանցերում արդեն որերորդ գրառումն եմ կարդում, որ բանկային քարտով ուղղակի հնարավոր չէ վճարում կատարել, և դա հերթական շոուն էր։
– Այո՛, շոու է, չմոռանանք «Աբաջյանի պապիկին» ով էր բերել, շոումեններ են։ Հենց ասեցին, որ քարտերով կարող եք վճարել, ես ինքս հեռախոսով փորձեցի, քարտ չունեի, որ անեի։ Չստացվեց։ Ես իրենց հետ խոսեցի, հարցրի` բա ինչո՞ւ հեռախոսով չի լինում, չէ՞ որ գովում էիք, թե «Telcell»-ը ուժեղ ընկերություն է, բա ինչո՞ւ չեք կարողանում անել, քաղաքական կամք է պետք, բնավորություն, հստակ պահանջներ...
– Օրեր առաջ վարորդները գործադուլ էին անում` բողոքելով իրենց աշխատանքային պայմաններից։ Որպես ընդդիմություն` վարորդներին լսեցի՞ք, ի՞նչ եզրահանգման եկաք` հաշվի առնելով, որ հաջորդ օրը աշխատանքից ազատված վարորդները աշխատանքի անցնելու դիմում գրեցին։
– Վարորդների մի մասը աշխատանքի է անցել , ես էլ եմ հետաքրքրվել։ Ինչ վերաբերվում է վարորդների այդ օրվա պահվածքին, ես գտնում եմ, որ դա ավելի շատ պրովոկացիա էր, կազմակերպիչները և «Երևան Ավտոբուս» ՓԲԸ–ի ղեկավարները պետք է պատժվեին։ Ավինյանը շատ լուրջ քայլ պետք է աներ, որը չարեց։ Առաջին անգամ չէ, որ այդ ՓԲԸ–ում այսպիսի սաբոտաժ, պիկետ են անում, ոնց կուզեն, թող կոչեն։ Վարորդներն ասում են` դե մի քիչ կողքից փող էինք աշխատում, վերև էինք տալիս։ Քաղաքապետին ասում եմ` բա որ փող էին աշխատում, վերև էին տալիս, ինչո՞ւ եք դատախազություն դիմելու փոխարեն ազատում աշխատանքից` պատճառաբանելով, որ չեն քշում։ Այդ հարցերը պետք է քննարկել։
– Դուք համարո՞ւմ եք, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրումից հետո «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ում կոռուպցիա չկա։
– Ո՞նց կարող եմ այդպիսի բան համարել, ես Երևանում եմ ծնվել, մեծացել, տարբեր տեղեր աշխատել եմ։ Կոռուպցիան իսպառ վերացնելու ձև ես էլ չգիտեմ։ Բայց հիմա, երբ անցնում ենք ոչ կանխիկ տարբերակի, այստեղ կոռուպցիան շատ հնարավոր է` տեղափոխվի այլ հարթակ, ոչ թե ավտոբուսի վարորդները, ոնց իրենք են ասում մի քանի կոպեկ վերցնեն, այլ որ ավելի ռիսկային է` «Telcell»-ը ուղղակի ցույց չտա, որ օրական ուղևորափոխադրումը կազմել է 500.000, այլ ցույց տա 400.000։ Ո՞վ է կարողանալու դա տեսնել։ Մնացածն էլ գիտեք, թե ոնց են այդ փողերը դառնում բիտկոին և այլն։ Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց կան նման կանխավարկածներ։ Քանի Հայաստանում այս բարքերը կան, կոռուպցիան լինելու է շատ բարձր մակարդակի վրա։
– Դուք միշտ հայտարարում եք, որ եթե կա խնդիր, դուք գնում եք դրա հետևից։ Անձամբ օգտվում եմ 33 համարի ավտոբուսից, որը գտնվում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի հաշվեկշռում։ Այս ավտոբուսում 100–դրամանոց մետաղադրամների համար նախատեսված արկղեր չկան, «Telcell»-ի սարքերը միշտ անջատված են, և վարորդները հիմա էլ գումար են վերցնում քաղաքացիներից, մանրում են։ Նման երևույթների դեմ ինչպե՞ս կարելի է պայքարել։
– Մենք հենց նման երևույթների դեմ ենք պայքարում։ Ձեր բարձրացրած խնդրով էլ արդեն զբաղվում ենք։ Առաջինը ես եմ ասել, որ եթե այդ վալիդատորները փչանան, ավտոբուսը գիծ դուրս գալո՞ւ է, ասել են` հա, դուրս է գալու անվճար։ Ավտոբուսներում Wi-fi պետք է լինի, չկա, վարորդները GPS համակարգերն անջատում են, որ ուղեգիծը չերևա, որպեսզի կոնկուրենցիա լինի։ Դա ձեռնտու է այն գծերի վարորդներին, որոնք կանխիկով են աշխատում։ Մենք փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ ենք քննարկումներ ունենում, Տիգրան Ավինյանի հետ, նմանատիպ խնդիրները բացահայտում ենք և ասում, որ դրանք պետք է իսպառ վերացվեն։
Վահան Ավագյան