ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոստովանել է, որ ԱՄՆ-ն վերջին 20 տարում փորձարկումներ է արել Իրանում իշխանափոխության հասնելու համար: Ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդում` ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը պատմել է Իրանի բնակչության վրա ազդելու Վաշինգտոնի ջանքերի մասին:
Նրա խոսքով, սակայն, իշխանափոխության այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
«Եթե նայենք վերջին 20 տարիներին, ապա ռեժիմի փոփոխության մեր փորձերը առանձնապես հաջող չեն եղել»,-ասել է նա:
Ինչպես նշել է պետքարտուղարը, Վաշինգտոնը փորձել է «ներդրումներ կատարել» Իրանի ներսում բնակչությանն աջակցելու համար, սակայն ամերիկյան իշխանությունների համար դժվար է եղել երկրի սահմաններից դուրս գտնվելով կազմակերպել դա: Բլինկենը հիշեցրել է, որ ներկայում Թեհրանի հետ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ չկան: Այս առումով Բլինկենը «շատ զգույշ» է վերաբերվում դրսից ինչ-որ բան նախագծելու փորձերին։