ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանը կարևոր գործոն է Կովկասի համար պայքարում, որը մղում է Արևմուտքը։
Նրա խոսքով` Ադրբեջանը շահագրգռված է, որ Վրաստանում քաղաքական կայուն իրավիճակ լինի։
«Երկար դարեր մեր ժողովուրդներն ապրում են խաղաղ և համերաշխ։ Հետևաբար Վրաստանում ապակայունացումը կամ ապակայունացման վտանգը նույնքան վնասակար է նաև Ադրբեջանի համար», - ասել է Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը(ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ալիևը խոսել է նաև Վրաստանի ներքին գործընթացների վրա արևմտյան երկրների զգալի արտաքին ազդեցության մասին՝ նշելով արտերկրից ֆինանսավորվող հազարավոր հասարակական կազմակերպությունների գործունեությունը։
Ադրբեջանի նախագահը նաև հավանություն է տվել USAID–ի գործունեությունն արգելելու Ռուսաստանի որոշմանը:
«Նրանք «կպած» ուզում են օգնել։ Բայց մենք մեծ մարդիկ ենք, ամեն ինչ հասկանում ենք։ Ադրբեջանում մենք այդ ամենը կարգավորեցինք. ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ 1% ֆինանսավորում չեն կարող ստանալ արտասահմանյան աղբյուրներից։ Ինչի՞ համար։ Չէ՞ որ մենք ԱՄՆ-ում ԶԼՄ–ներին չենք ֆինանսավորում, այդ դեպքում ինչո՞ւ նրանք պետք է ֆինանսավորեն մերը», – նշել է Ալիևը։
Հիշեցնենք` Վրաստանում չի հանդարտվում բողոքի ալիքը, որն ավելի բուռն ընթացք ստացավ, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում են օրակարգից, քանի որ այդ հարցն օգտագործվում է որպես շանտաժի գործիք։ Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները պահանջում են խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծված են որակում։