Վերին Լարսի ճանապարհը փակվեց բոլոր ավտոմեքենաների համար

Եղանակային պայմանները վատթարացել են, ուստի երթևեկությունն արգելվել է նաև թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ ճանապարհը փակ է բեռնատարների համար, բայց շարունակում է բաց մնալ թեթև մարդատար տրանսպորտի համար:
«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով երթևեկությունը սահմանափակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– նշեց նա։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: