Վերին Լարսի ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով կարող են երթևեկել միայն մարդատար ավտոմեքենաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– նշեց նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: