ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան կարող է վերսկսել 12 տարի առաջ ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը թուրքական Մերսինի և սիրիական Հալեպի միջև: Այս մասին հայտնում է թուրքական «Yeni Şafak» թերթը։
«Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունն ավարտել է Մերսինից մինչև Սիրիայի հետ սահման երկաթուղու 175 կիլոմետրանոց հատվածի ստուգումը։ Սիրիայի նոր իշխանությունների հետ համաձայնության գալու դեպքում նախատեսվում է արագ վերանորոգել երկաթգծի սիրիական հատվածը, որպեսզի այն նախապատրաստվի ուղևորների և բեռների փոխադրմանը», - գրում է պարբերականը:
Խոսքը 365 կիլոմետրանոց երկաթգծի մասին է, որն ունի 38 կայարան։ Այս երկաթգծով հաղորդակցություն է եղել 2010-2012 թվականներին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: