ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի հետ կապված իրավիճակը կարելի է անվանել լարված և կայուն, սակայն կրիտիկական աճի նախանշաններ չկան։ Երկրում գրիպ, պարագրիպ, ՇՍՎ (շնչառական սինցիտիալ վարակ) և ադենովիրուս է շրջանառվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդական, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Սարգսյանը։
«Թվերը սահմանային են, բայց ոչ աղետալի, կան նաև թոքաբորբի դեպքեր։ Սակայն երբ նայում ես վիճակագրությանը, հասկանում ես, որ իրավիճակը քիչ թե շատ վերահսկելի է», – ասաց Սարգսյանը։
Մասնագետը նշեց, որ վերոնշյալը պատասխանատվությունից չի ազատում մանկաբույժներին և ծնողներին, որոնք պետք է հետևեն իրենց երեխաների վիճակին, ժամանակին դիմեն բժշկի և սկսեն բուժումը հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում՝ թույլ չտալով, որ բարդություններ առաջանան։
Սարգսյանի խոսքով` եթե երեխան հիվանդանում է, ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են թուլությունը, փսխումը, ջերմությունը, հետևեն երեխայի շնչառությանը։ Նա խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ և կապի մեջ լինել մանկաբույժի և ընտանեկան բժշկի հետ։
Սարգսյանը նշեց` քանի որ Նոր տարվա կապակցությամբ դպրոցները որոշ ժամանակ փակ կլինեն, կանխատեսվում է, որ վիրուսների տարածման տեմպերը կնվազեն։ Սակայն մյուս կողմից առջևում ամանորյա տոներն են, և ՍՇՎ–ների տարածումը չի բացառվում։