ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում պահպանվում է ճգնաժամը տարածաշրջանային պատերազմի վերածվելու ռիսկը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն անշեղորեն դեգրադանում է։ Պահպանվում է ճգնաժամը տարածաշրջանային պատերազմի վերաճելու ռիսկը», – օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ ասել է Գերասիմովը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ծանր իրավիճակ է պահպանվում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, Լիբանանում և Եմենում։ Գազայի հատվածում մարդասիրական աղետը դարձել է ամենամեծը տարածաշրջանում հակամարտությունների ամբողջ ընթացքում։
«Ոչ տարածաշրջանային պետությունների կողմից Մերձավոր Արևելքում պատերազմող կողմերի աջակցությունը, դրանում Լիբանանի ներգրավվածությունը և Իրանին սադրելու փորձերը վտանգավոր նախադրյալներ են ստեղծում տարածաշրջանում անկայունության գոտու ընդլայնման համար»,- նշել է ԳՇ պետը։
Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նա հայտարարել է, որ սիրիական բանակը չէր կարող կանոնավոր զորավարժություններ անցկացնել և վատ մարտական պատրաստվածություն ուներ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։
«Նոյեմբերի 27-ին ընդդիմությունը հարձակում սկսեց Իդլիբի դեէսկալացիայի գոտուց։ Կառավարական զորքերը չկարողացան համապատասխան դիմադրություն ցույց տալ։ Դա պայմանավորված է սիրիական բանակի մոտ կանոնավոր մարտական պատրաստություն անցկացնելու հնարավորության բացակայությամբ և անձնակազմի բարոյահոգեբանական ցածր մակարդակով, ինչը հետևանք է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աննախադեպ պատժամիջոցներով պայմանավորված երկարատև տնտեսական ճգնաժամի», - ասել է Գերասիմովը։
Նա ընդգծել է, որ սիրիական պետականությունը փաստացի փլուզվել է։ Ռուսաստանը Աստանայի ձևաչափում սիրիական խաղաղ կարգավորման փորձեր է արել, սակայն դա ձեռնտու չէր նախևառաջ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: