ՀՖՖ-ն ամբողջապես ձախողել է 2019-2025 թթ․ ֆուտբոլի զարգացման ռազմավարությունը․ ՖԱՖ

Շարունակվում են լուրեր շրջանառվել, որ տեղական ֆուտբոլում ոչ արդար կամ պայմանավորված խաղի խնդիրներ կան, և ֆեդերացիան այս ուղղությամբ պատշաճ քայլեր չի ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրեթե ամբողջապես ձախողել է ֆուտբոլի զարգացման 2019-2025 թթ․ ռազմավարությունը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՖԱՖ (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) ֆան-ակումբի անդամ Երվանդ Իսմաիլյանը։
«Այս թիմը սահմանել է անիրականանալի նպատակներ և ինքն իր նպատակներին չի հասել։ 2019թ․ ընդունված ռազմավարությունը ոսկե սարերի ռազմավարություն էր, իսկ իրականությունը՝ լրիվ այլ»,- նշեց նա։
ՀՖՖ ռազմավարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ ինչև 2025 թվականը պետք է ապահովել ազգային հավաքականի մասնակցությունը Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին։ ՖԱՖ անդամը նշում է՝ ցավոք, ազգային հավաքականն իր ցուցադրած խաղով այսօր շատ հեռու է դրանից։
Նաև ռազմավարության մեջ սահմանվել էր մասսայական և սիրողական ֆուտբոլում ներգրավված մարդկանց թվաքանակը հասցնել 80 հազարի։ Իսմաիլյանն օրինակ է բերում. եթե նախկինում ամեն կիրակի ֆուտբոլասերներով հավաքվում էին և 11/11-ի դեմ ֆուտբոլ խաղում, դա մատչելի էր և հասանելի, ապա այսօր ընդամենը մի քանի մարզադաշտեր կան, որոնք հնարավոր է վարձակալել մի քանի ժամով 100 հազար և ավելի դրամով և ֆուտբոլ խաղալ։ Ֆուտբոլային այս հաճույքը ոչ բոլորի գրպանին է հասանելի։
Հայաստանի առաջնությունում արդար կամ պայմանավորված խաղի հետ կապված խնդիրներ էլ կան, որոնք այդպես էլ լուծում չեն ստացել։
«Շատ են շրջանառվող լուրերը, և նրանք, ովքեր քիչ թե շատ հետևում են տեղական խաղերին, կասեն սա։ Սա գալիս է նրանից, որ ժամանակին ի հայտ եկած խնդիրների դեպքում և՛ ֆեդերացիան, և՛ ֆուտբոլային հանրությունը պատշաճ արձագանք չեն տվել, խնդիրները մնում են»,- ասաց Իսմաիլյանը։
ՀՖՖ–ն ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
Ձախողվել է նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը։
«Մանկապատանեկան ֆուտբոլը պետք է համաչափ զարգանար ամբողջ երկրում, մինչդեռ այսօր ստեղծված է իրավիճակ, երբ տարբեր մարզերում որոշ համայնքների երեխաներ ընդհանրապես հնարավորություն չունեն ֆուտբոլով զբաղվելու»,- նշեց նա։
Մինչև 2025 թվականը ՀՀ մարզերում պետք է տեղադրվեին արհեստական խոտածածկով 300 հատ փոքր դաշտ մասսայական և սիրողական ֆուտբոլի համար։ Իսմաիլյանը շեշտում է՝ այս կետն իրականացվել է 50 տոկոսից էլ քիչ, քանի որ նման մարզադաշտերի թիվն այսօր 129-ն է։
Ռազմավարության մեջ նաև ամրագրված է, որ բարձրագույն խմբի բոլոր ակումբները պետք է ունենան ակադեմիաներ․ այս նպատակը ևս չի իրագործվել։
ՖԱՖ անդամները նաև պահանջում են փոփոխություն կատարել նաև ֆեդերացիայի նախագահի ընտրության կարգում։
«Մի ակումբ, որ ունի 40-60 երեխա, ֆեդերացիայի անդամ է, ունի քվեարկելու իրավունք, ինչպես, օրինակ, «Փյունիկը» կամ «Ուրարտուն», որոնք ունեն հսկա ակադեմիաներ՝ 1000-ավոր երեխաներով, առաջին լիգայում, բարձրագույն խմբում, կանանց ֆուտբոլում մեծ ներկայացուցչություն, և նրանք հավասար են»,- նշում է ՖԱՖ անդամ Սերգեյ Ջանջոյանը։
Նրանց կարծիքով՝ ընտրության ներկա կարգը հնարավորություն է տալիս ֆեդերացիայի ղեկավարությանն անընդհատ վերարտադրվել։ Պետք է քվեարկելու իրավունք ունենան տարբեր ՀԿ-ներ։
Հավելենք, որ այս մամուլի ասուլիսին գրեթե զուգահեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում էր 25-րդ ընդհանուր ժողովը։