Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վերսկսում է աշխատանքը

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը աշխատանքը վերսկսել էր դեկտեմբերի 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 19-ից կվերսկսի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը դեկտեմբերի 8-ից աշխատում էին Բեյրութից։ Դեկտեմբերի 16-ին ԱԳՆ–ն տեղեկացրեց, որ Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները:
«Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը վաղվանից վերսկսում է աշխատանքը»,– ասված է ԱԳՆ–ի այսօրվա հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: