ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը չի խանգարում ԵՄ երկրներից ներդրումներ անելուն և արտահանմանը։ Այս մասին «Տնտեսական և քաղաքական առաջնահերթություններ» խորագրով քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այսօրվա աշխարհում, եթե դու ունես կամ արտադրում ես մրցունակ ապրանք կամ ծառայություն, ապա արտահանման և դրա իրացման հետ կապված խնդիրներ ուղղակի գոյություն չունի։ Այսօր աշխարհում մրցունակ արտադրանքի պակաս կա, մասնավորապես՝ սննդի ոլորտում»,– նշեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ կարևոր է չսահմանափակվել թեզերով, այլ պետք է լինել ադեկվատ և հասկանալ, որ անհրաժեշտ է շատ մտածել երկրի ներսում արտադրանքի ստեղծման վրա, որը կկարողանա մրցակցել միջազգային շուկաներում։
«Եթե կապիտալի շարժի հետ կապված նշվի որևէ հանգամանք, որը ԵՄ երկրներից ֆինանսական ներդրումների համար խոչընդոտ է, ապա ես հաճույքով կբանավիճեմ։ Բացի դրանից, մեր երկիրը տարբերություն չի դնում կապիտալի պաշտպանության տեսանկյունից` կախված դրա ծագման երկրից»,– հայտարարեց փոխվարչապետը։
Գրիգորյանը նշեց, որ կառավարությունն իրականացրել և իրականացնում է ծրագրեր, որոնցով ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծման ժամանակ մաքսատուրքի ճնշումը չեզոքացնում է։
Ավելի վաղ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ին 10 տարվա անդամակցության ընթացքում Հայաստանից արտահանումը միության երկրներ աճել է 10 անգամ։