ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի պաշտպանության նախարարությունը կվերակազմավորվի՝ իր կառուցվածքում ներառելով ընդդիմության ներկայացուցիչներին և սիրիական բանակի նախկին սպաներին: Այս մասին հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնակատար Մուհամեդ ալ-Բաշիրը։
«Պաշտպանության նախարարությունը կվերակազմավորվի, նրա կառուցվածքում կընդգրկվեն ընդդիմադիրներ և սպաներ, որոնք հրաժարվել են տապալված ռեժիմից»,- ալ-Բաշիրի խոսքը մեջբերում է սիրիական Ալ-Վաթան թերթը:
Դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները Դամասկոսում գրավել են պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշում է կայացրել հեռանալ պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով հանձնել իշխանությունը: Ընդ որում, Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել։
Դրանից հետո Սիրիայի Իդլիբ նահանգում զինված ընդդիմության կողմից ստեղծված «Փրկության կառավարության» ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին:
Ավելի ուշ նա հայտնել է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության կազմը ձևավորվել է և կգործի մինչև 2025 թվականի մարտը: