ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը մերժել է Լեռնային Ղարաբաղին նվիրված միջազգային համաժողով հրավիրելու նախաձեռնությունը, որը ներկայացրել էին պատգամավորները։ Տեղեկությունը հայտնում է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը:
Պատգամավորները կառավարությանն առաջարկել էին 2025 թվականին համաժողով կազմակերպել հայ բնակչության վերադարձի շուրջ բանակցությունների համար: Խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել գաղափարին՝ Դաշնային խորհրդին (կառավարությանը. խմբ.) կոչ անելով տարածաշրջանում քայլեր ձեռնարկել դիվանագիտական մակարդակով:
Խորհրդարանականները ցանկանում էին, որ այս համաժողովը թույլ տա երկխոսություն անցկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ հայերի հավաքական վերադարձի նպատակով։
Արտաքին գործերի նախարարը, սակայն, դեմ է արտահայտվել։ Կասիսն ասել է, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորեն Հայաստանն ու Ադրբեջանը։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։