ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կոչ է անում չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Պատժամիջոցները պետք է վերացվեն, քանի որ դրանք, ինչպես միշտ ասել ենք, հարվածում են հասարակ քաղաքացիներին։ Մենք մեր կողմից կշարունակենք օգնություն ցուցաբերել եղբայրական սիրիացի ժողովրդին», - ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ասել է ռուս դիվանագետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: