ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են Սիրիայի խնդրիշուրջ շփումները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը:
Դիվանագետը հիշեցրել է, որ տևական ժամանակ է` ՌԴ-ի և Թուրքիայի միջև այդ թեմայով բանակցություններ են ընթանում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ «Աստանայի» շրջանակում, ստորագրվել են տարբեր համաձայնագրեր:
«Այդ բոլոր ջանքերն ուղղված են եղել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և հաշտեցմանը, Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև հակամարտության լուծման որոնմանը։ Ցավոք, կարող ենք ասել, որ այդ ջանքերը հաջողությամբ չպսակվեցին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Նոր պայմաններում մենք շարունակում ենք շփումները ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերով՝ հաշվի առնելով մեր երկրի շահերը։ Դրանց արդյունքները կտեսնենք և կզգանք առաջիկայում», - ասել է Բուրավովը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: