ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, դարձել է «բանդերային ռեժիմի հոգեվարքը», ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ցավակցական հեռագրում։ Նրա խոսքերով, որոնք մեջբերում է Անվտանգության խորհրդի քարտուղարությունը, Կիրիլովն իսկական հայրենասեր էր։
«Վերջին ուժերով այն փորձում է արդարացնել իր անպետք գոյությունը արևմտյան տերերի առաջ, երկարացնել պատերազմն ու մահը, արդարանալ ճակատում ստեղծված աղետալի իրավիճակի համար։ Գիտակցելով իր ռազմական պարտության անխուսափելիությունը՝ վախկոտ և ստոր հարվածներ է իրականացնում խաղաղ քաղաքներում»,- գրել է Մեդվեդևը։
Ռուսաստանի ժողովրդին վախեցնելու, ռուսական բանակի առաջխաղացումը կասեցնելու, վախ սերմանելու փորձերը դատապարտված են, վստահ է Մեդվեդևը։
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել բնակելի տան շքամուտքի մոտ դրված ինքնագլորի մեջ։ Զոհվել են ՌԴ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։