ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի վրա փոքր–ինչ թանկ է նստել Հայաստան այցը, քանի որ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին 3 զույգ արծաթե և թանկարժեք քարերով ճարմանդ է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ Փաշինյանը Դուդային կառավարությունում հյուրընկալել էր նոյեմբերի 26-ին։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այդ օրը Անջեյ Դուդայից ճարմանդ է նվեր ստացել՝ 3 զույգ, 925 հարգի արծաթից, քարերով։ Քարերը՝ սաթ, օնիքս։ Զարդի արժեքը կազմել է 74 հազար 577 դրամ»,– գրում է թերթը։
Տեղեկացնենք, որ եթե նշված օրենքի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները գրանցել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով: