ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի սպանությունը Արևմուտքի կողմից Կիևի ռազմական հանցագործությունները խրախուսելու հետևանք է: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դիվանագետը նշել է, որ տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը, ծրագրված սպանությունը` գեներալ Իգոր Կիրիլովն ու նրա օգնականը սպանվել են բնակելի շենքի մոտ այն ժամին, երբ մարդիկ գնում են աշխատանքի, երեխաները` դպրոց և մանկապարտեզ:
«Մոսկվայում իրագործված ահաբեկչությունը դարձավ Արևմուտքի կողմից Կիևի ռեժիմի զինյալների ռազմական հանցագործությունները խրախուսելու այն պարույրի շարունակությունն ու զարգացումը, որը նրանք սանձազերծել են այս բոլոր տարիներին», – գրել է Զախարովան Telegram-ում:
Նա նշել է, որ Կիրիլովը երկուսուկես տարի առաջ ընդգրկվել է ուկրաինական «Миротворец» կայքի բազայում, որտեղ եղել են Կիևի ռեժիմի բազմաթիվ այլ զոհերի անուններ:
«Մենք արդեն որերորդ տարին է` ահազանգում ենք այդ մասին։ Բայց Ամերիկայի արբանյակները լռում են: Իսկ «Миротворец» կայքին աջակցում է ԱՄՆ-ն։ Ինչպես ժամանակին Հյուսիսային Կովկասում գործող ահաբեկիչների կայքերը տեղակայված էին Հյուսիսային Եվրոպայում», - հիշեցրել Է Զախարովան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում Մոսկվայում, բնակելի շենքի մոտ պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնական Իլյա Պոլիկարպովը: Հետաքննությունը քրեական գործ է հարուցել սպանության, ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: Քննության վարկածով՝ զինվորականների սպանությունը դիվերսիայի իրականացման միջոցով կազմակերպել են Ուկրաինայի զինված ուժերը։