Իսրայելի բանակը ձմեռային գործողությունների է պատրաստվում Լիբանանում և Սիրիայում. ԶԼՄ

Իսրայելցի զինվորականներ
Իսրայելցի զինվորականներ
ՑԱԽԱԼ-ն ավելի քան 50 տարի գործողություն չի իրականացրել ձմռան պայմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է ձմեռային էքստրեմալ պայմաններում ռազմական գործողություններ անցկացնել Սիրիայի և Լիբանանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
«Զորքը համալրվում է ձմեռային ժամանակակից հանդերձանքով և արդիականացված նյութատեխնիկական բազայով»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը ավելի քան 50 տարի գործողություններ չի իրականացրել ձմեռային պայմաններում, ուստի հատուկ ուշադրություն է դարձնում ձյան տեղումների հետ կապված խնդիրներին՝ միաժամանակ դիմելով իր նախկին ռազմական արշավների և արտասահմանյան բանակների փորձին:
Հիշեցնենք` ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անվտանգության գոտին ընդլայնել է 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո հաստատված սահմանազատման գծից այն կողմ։
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու և զինված ընդդիմության կողմից երկրի տարածքի մի մասի գրավման ֆոնին Իսրայելը Գոլանի բարձունքներում ակտիվացրել է պաշտպանության ամրապնդումը:
Հիշեցնենք, որ մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվեցին Իսրայելի կողմից: 1973-ի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը զորքերի հետքաշման մասին պայմանագիր կնքեցին, իսկ 1974-ին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները: Սահմանազատման գիծը ստացել է «Բրավո» (Սիրիայի կողմից) և «Ալֆա» (Իսրայելի կողմից) անվանումները։