«Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Կալանք. Արխիվային լուսանկար
ՀՀ ՔԿ–ից հայտնեցին, որ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Գումի» շուկայի տարածքից ձերբակալված գյուղացիներից 2–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 13–ին «Գումի» շուկայի մոտից ոստիկանները ձերբակալել էին մսի վաճառքով զբաղվող 8 մարդու։
«Կիրառվել է վարչական հսկողություն, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը»,– ասաց նա։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 297–րդ հոդվածի 2–րդ (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) մասով և 452–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմինը պարբերական վերահսկողական գործողություններ է իրականացրել Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում։ Տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել էին մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս և առգրավել այն։ Այդ ընթացքում մսավաճառները դժգոհում էին, որ իրենց միսը պետք է ոչնչացվի։