ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) այսօր հայտնել է, որ ինտենսիվ գնդակոծությունների պատճառով ստիպված է եղել փակել Գազայի հատվածի Ալ-Մավասի շրջանում գտնվող իր բուժհաստատությունը:
«Այսօր առավոտյան Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասիում ինտենսիվ ռմբակոծությունների և փոխհրաձգությունների պատճառով մեր թիմի 12 անդամներն ու նրանց ընտանիքներն արգելափակվել են իրենց տներում, ևս 30 այլ անձինք էլ արգելափակվել են մեր գրասենյակում: Անվտանգության բացակայության պատճառով մեր թիմերը ստիպված եղն եղել փակել Ալ-Մավասի կլինիկան», - ասված է կազմակերպության հայտարարությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում իր աշխատակիցների և բուժառռւների անվտանգության վերաբերյալ:
Աշխատակիցներից մեկը պատմել է, որ տանկերը ներխուժել են Ալ-Մավասի, և մարդիկ ստիպված են եղել ժամերով պառկած մնալ իրենց տների հատակին։
Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հակամարտության բոլոր կողմերին վերստին կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին և հումանիտար աշխատողներին, ինչպես նաև մշտական հրադադար հաստատել:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։