Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը. ԱԳՆ

Դամասկոս
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքների վերսկսման մասին նախարարությունը նախապես կտեղեկացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն»,– տեղեկացնում են գերատեսչությունից:
Նախարարությունից հիշեցնում են, որ նախապես տրամադրված թեժ գիծը շարունակում է գործել:
ԱԳՆ–ից նշում են, որ նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Նշենք, որ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը դեկտեմբերի 8-ից աշխատում էր Բեյրութից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: