ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի և Լոռու մարզպետարաններում Պետական վերահսկողական ծառայությունը մի շարք խախտումներ է արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ՊՎԾ լրատվական բաժինը։
Մասնավորապես, Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1,07 մլրդ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն դրամի առերևույթ խախտումներ և անհամապատասխանություններ: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով մի շարք առերևույթ չարաշահման փաստեր, պետական միջոցների անարդյունավետ կառավարում՝ մի շարք ուղղություններով և այլն։
Կոտայքի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում կառավարության համապատասխան որոշման խախտման արդյունքում ավելի է ֆինանսավորվել շուրջ 191 մլն ՀՀ դրամ։ Արձանագրվել է նաև ժամկետանց և անորակ սննդամթերքի մատակարարում և առկայություն պահեստներում, առանց համապատասխան փաստաթղթավորման և ոչ սպանդանոցային ծագման մսամթերքի օգտագործում և այլն։
«Որոշ կազմակերպություններ, չունենալով բավարար ռեսուրսներ կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացրել են մեծածավալ մատակարարումներ մարզային ենթակայության դպրոցներին՝ բազմաթիվ խախտումներով և սահմանված նորմերի շրջանցմամբ»,- տեղեկացնում են ՊՎԾ-ից։
Լոռու մարզպետի աշխատակազմում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հայտնաբերվել են մոտ 40 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ։ Պետական ծրագրերով մարզում կատարվող շինարարական աշխատանքներում ևս մեծածավալ խախտումներ են արձանագրվել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 56 մլն ՀՀ դրամ։
ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված վերահսկողության արդյունքները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։