Ի՞նչ հայտարարություններ է արել Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի նիստում

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ստիպված է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իր և դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նրա խոսքով՝ Մոսկվան դա անում է ուշադիր և հավասարակշռված՝ չներքաշվելով սպառազինությունների լայնամասշտաբ մրցավազքի մեջ` ի վնաս սոցիալ-տնտեսական զարգացման։
ՌԴ նախագահը նշել է, որ երկրի զինուժը պետք է բարելավի ռազմական գործողությունների վարման եղանակները, բարձրացնի տեխնիկայի տիրապետման մակարդակը և զորքերի կառավարման արդյունավետությունը:

ՆԱՏՕ-ն ավելի է մոտենում ՌԴ սահմաններին

Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ծախսերը, զորքերի հարվածային խմբավորումներ ձևավորում Ռուսաստանի սահմանների մոտ։
«ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ավելացնում ռազմական ծախսերը։ Ռուսական սահմանների մոտ ձևավորվում և միավորվում են դաշինքի զորքերի հարվածային խմբավորումներ։ Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվն արդեն գերազանցել է 100 հազարը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նա ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի ձգտումները վաղուց դուրս են եկել իր պատմական պատասխանատվության գոտու սահմաններից։
«Բացի այսպես կոչված Արևելյան թևից, դաշինքը մեծացնում է իր ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ ԱՄՆ-ի հրահանգով ձևավորվում են ռազմաքաղաքական նոր դաշինքներ, որոնք խարխլում են տասնամյակներով ստեղծված անվտանգության ճարտարապետությունը», – հավելել է Ռուսաստանի ղեկավարը։

Հասցնում են կարմիր գծին

Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն իր բնակչությանը վախեցնում է առասպելներով, թե իբր Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ինչ-որ մեկի վրա։
«Մարտավարությունը շատ պարզ է՝ մեզ հասցնում են կարմիր գծին, որից այլևս չենք կարող նահանջել։ Սկսում ենք պատասխանել՝ անմիջապես վախեցնում են ամբողջ բնակչությանը», - ասել է Պուտինը։
Ընդ որում` Վաշինգտոնը զբաղվում է առաջնային գծերում մինչև 5500 կմ հեռահարությամբ բարձր ճշգրտության հարվածային միջոցների ստեղծմամբ և տեղակայմամբ: Արդեն մշակվում են այդ հրթիռային համակարգերի տեղափոխումն ու տեղակայումը Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
«Մենք նման սպառնալիքներին կարձագանքենք համալիր կերպով։ Միևնույն ժամանակ ամենակարևոր խնդիրը նման հրթիռների արձակումը ժամանակին հայտնաբերելն է ու որսալը: Ինչպես նաև պետք է կարգավորել հայրենական հարվածային համակարգերի, այդ թվում՝ հիպերձայնային համակարգերի սերիական արտադրության և տեղակայման բոլոր հարցերը», – հավելել է նա։

Ի՞նչ պատասխան կտա Ռուսաստանը

Մոսկվան կարող է նաև չեղարկել միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման կամավոր սահմանափակումները, եթե ԱՄՆ-ն սկսի նման համակարգեր տեղակայել:
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ այդ պայմանագրի խզումը բացասական հետևանքներ կունենա ամբողջ գլոբալ անվտանգության համար, բայց ընդգծել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռներ չի տեղակայելու այնքան ժամանակ, քանի դեռ նման տեսակի ամերիկյան զենք չի հայտնվել աշխարհի որևէ տարածաշրջանում:

Եվ կրկին «Օրեշնիկի» մասին

Ռուսաստանի նորագույն հզոր զենքը «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համալիրն է։ Պուտինը հիշեցրել է, որ, ի պատասխան արևմտյան զենքի կիրառմամբ ՌԴ տարածքին նոյեմբերին հասցված հարվածների, «Օրեշնիկը» հաջողությամբ կիրառվել է, օգտագործվել է առանց միջուկային բաղադրիչի հիպերձայնային սարքավորմամբ բալիստիկ հրթիռ:
«Մոտ ժամանակներս պետք է ապահովվի նման համալիրների սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և մեր դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար, և դա, անշուշտ, կարվի», վստահեցրել է Պուտինը։
Հիշեցնենք` Պուտինը նոյեմբերի 21-ին հայտնեց, որ միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկումներն ավարտվել են։ Գործողությունների շրջանակում ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում խոցել են խոշոր արդյունաբերական օբյեկտ, որը կապված է հրթիռային տեխնիկայի արտադրության հետ:
ՌԴ–ն պատրաստ է նոր «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին. Լավրովը` «Օրեշնիկի» փորձարկման մասին