ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանում մշակված քաղցկեղի դեմ պատվաստանյութով։
«Իհարկե, կան այսպիսի համաժողովներ, նոր տեխնոլոգիաների, նոր մշակումների մասին տեղեկանալու համար։ Եվ մեր գործընկերներն այսօր ևս մի շարք նոր լուծումներ ներկայացրեցին։ Մեկ տարվա ընթացքում մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի այն ներդնենք նաև Հայաստանում»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանում կայացած հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Քաղցկեղի դեմ Ռուսաստանում մշակվող պատվաստանյութը թերապևտիկ է, այն ներարկելու են արդեն հիվանդացածներին։ Այն ստեղծվել է մՌՆԹ-տեխնոլոգիաների հիման վրա (մատրիցային ռիբոնուկլեինաթթու): Այս մեթոդով են ստեղծվել COVID-19-ի դեմ Phizer և Moderna պատվաստանյութերը։ Նոր պատվաստանյութը հնարավոր կլինի օգտագործել քաղցկեղի ցանկացած տեսակի դեպքում։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հաստատեց, որ այս պահին ընթանում է արտադրական հարթակի շինարարությունը, դրա վերաբերյալ հայտեր կան նաև ԱՊՀ երկրներից: Նա հավաստիացրեց, որ ռուսական կողմն իր գործընկերների հետ կիսվում է մշակումներով և պատրաստ է այդ ուղղությամբ փոխգործակցության: Հայկական կողմին են ներկայացվել նաև Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, ինչպես նաև մի շարք այլ հետազոտական կենտրոնների կողմից մշակվող նոր ռադիոդեղագործական դեղամիջոցները:
Մուրաշկոն նշել է, որ Դիմա Ռոգաչովի անվան մանկական ուռուցքաբանական կենտրոնը ցուցադրել է բջջային տեխնոլոգիաների օգտագործումը ծանր հիվանդների բուժման համար:
«Սա կյանքեր փրկող տեխնոլոգիա է։ Մենք, ի թիվս այլ բաների, շահագրգռված ենք համագործակցել և բուժել հիվանդներին Ռուսաստանում, քանի որ դրանք եզակի տեխնոլոգիաներ են։ Դրանց խոշոր քանակ արտադրելը բավականին բարդ է, և ներկայումս դա տնտեսապես խելամիտ չէ։ Ուստի այն հիվանդների համար, որոնց մենք կարող ենք փրկել, այստեղ համատեղ աշխատանք է պետք երթուղու գծման և, համապատասխանաբար, մեր երկրների քաղաքացիների համար բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության հասանելիության ուղղությամբ»,-ասել է Մուրաշկոն։
Նախարարը նշեց, որ հայկական կողմի հետ քննարկվել է նաև սքրինինգային ծրագրերի հարցը: Նա հիշեցրեց, որ ՌԴ-ն այսօր աշխարհում ամենամեծ սքրինինգային ծրագիրն ունի նորածինների համար։
Այս կապակցությամբ ռուսական կողմը պատրաստ է կիսվել փորձով և գիտելիքներով, արդեն մշակված տեխնոլոգիայով, ինչպես նաև համատեղ տեխնոլոգիական լուծումներով՝ սքրինինգային ծրագրերի առաջխաղացման համար:
ԱՊՀ տարածքում արդեն մշակվում են կոոպերացիաներ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի գործընկերների հետ։