ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Բունդեսթագն անվստահություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությանը՝ ճանապարհ բացելով արտահերթ ընտրությունների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
717 պատգամավորներից 394-ը քվեարկել են խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու օգտին, 207–ը պաշտպանել են Շոլցի կառավարությանը, 116–ը ձեռնպահ են մնացել։ Անվստահություն հայտնելու համար առնվազն 367 ձայն էր պահանջվում։
Կառավարության հանդեպ վստահության բացակայության հետևանքով և խորհրդարանի սպասվող արձակումից հետո երկրի նախագահն արտահերթ ընտրությունների օր կնշանակի 2025 թվականի փետրվարի 23-ը։
Ավելի վաղ Բունդեսթագի արտահերթ նիստի ժամանակ, որը նվիրված էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նկատմամբ վստահության հարցը քննարկելուն, նրա հիմնական ընդդիմախոս և Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ղեկավար Ֆրիդրիխ Մերցը կանցլերին անվանել էր «Գերմանիայի տնտեսական ճգնաժամի դեմքը» և հավելել, որ նա խայտառակում է Գերմանիան։
Կանցլերը նույնպես ելույթ էր ունեցել նիստում և խոստացել` քանի դեռ ինքն է կառավարության ղեկավարը, Գերմանիան, ի վնաս սեփական անվտանգության, զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա և նրան «Taurus» թևավոր հրթիռներ չի մատակարարի։
Նախորդ շաբաթ Շոլցը հարցում էր ուղարկել Բունդեսթագ՝ կառավարությանը վստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկություն անցկացնելու համար։ Նա բացատրել էր, որ այդ քայլով մտադիր է ճանապարհ բացել արտահերթ ընտրությունների համար։