ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքում ավտոբուսների հաճախականությունը վատացել է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մարդկանց կողմից բարձրաձայնվող հիմնական խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը։ Կան գծեր, որտեղ մենք պարբերաբար գերծանրաբեռնվածություն ենք ունենում։ Մասնավորապես ունենք թաղամասեր, որ իրավիճակն իրապես վատացել է, օրինակ` Նորագավիթում: Պետք է նախ լուծենք այդ ծայրահեղ ծանր գծերի հարցերը»,– ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ 171 ավտոբուսի հետ կապված ծրագիրը կա, բայց զուգահեռ էլ մասնավոր մոտ 100 ավտոբուսի փոխարինման խնդիրն է առկա, քանի որ դրանք արդեն շարքից դուրս են եկել։ Երևանի քաղաքապետը նշեց, որ որոշ գծերում փոխարինվելու են HIGER մակնիշի ավտոբուսները։
Ավինյանը նշում է, որ կան մի շարք թաղամասեր, որտեղ ավտոբուսների հաճախականության խնդիրը սուր է, և այն լուծելու համար պետք է մի փոքր ավելի շատ ջանք գործադրել։
Հիշեցնենք` 2025թ–ի հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտի համար կներդրվի ուղևորափոխադրումների սակագների նոր փաթեթը։
Մայրաքաղաքի տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները: Զեղչեր կգործեն նաև թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։