ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. «Վոլգոնեֆտ 212» բեռնատար նավից տարհանված նավաստիներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելոբ ԱԻՆ–ի Telegram ալիքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» բեռնատար նավերը՝ անձնակազմի 13 ու 14 անդամներով (այլ տվյալներով՝ 29–խմբ.), աղետի են ենթարկվել Կերչի նեղուցում և օգնություն են խնդրել։ Անձնակազմները փրկելու համար Կերչից դուրս է եկել «Մերկուրի» փրկարարական քարշակը։ Դեպքի վայր է ուղարկվել նաև Մի–8 ուղղաթիռ՝ փրկարարներով:
«Վոլգոնեֆտ–212» բեռնատար նավից տարհանվել է 13 նավաստի։ Ցավոք, նրանցից մեկը մահացել է»,– հստակեցրել են ԱԻՆ–ից։
Տեղի ունեցածի փաստով Հարավային տրանսպորտային դատախազությունը սկսել է ստուգել՝ որքանով են պահպանվել նավարկության անվտանգության օրենքները։
Բացի այդ, Ռուսաստանի քննչական կոմիտեի Ղրիմի և Սևաստոպոլի քննչական բաժնի քննիչները քրեական գործեր են հարուցել երթևեկության անվտանգության և ծովային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման փաստով:
Նշենք, որ «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» բեռնատար նավերը վնասվել են եղանակային բարդ պայմանների՝ ուժեղ փոթորկոտ քամու և մինչև 7 բալանոց ալեկոծության պատճառով։
«Ռոսմորռեչֆլոտը» պարզաբանել է, որ վթարը տեղի է ունեցել Սև ծովի տարածքում։ Վթարի հետևանքով նավթամթերքի արտահոսք է տեղի ունեցել: