ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիան չի ցանկանում ևս 60 տարի ծախսել Կիպրոսի խնդրի վրա, անհրաժեշտ է ճանաչել «կղզում երկու առանձին ժողովուրդների և երկու առանձին պետությունների գոյության իրականությունը», հունական Ta Nea թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմին կից կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նրա հայտարարությունների ռուսերեն թարգմանությունը ներկայացրել է թուրքական Anadolu պետական գործակալությունը:
«Ժամանակն է ճանաչել իրականությունը տեղում՝ երկու առանձին ժողովուրդների և երկու առանձին պետությունների գոյությունը Կիպրոս կղզում։ Ոչ կիպրոսցի թուրքերը, ոչ Թուրքիան չեն ցանկանում ևս 60 տարի ծախսել»,-ասել է նա։
Ալթունը կոչ է արել փոխադարձ հարգանք ցուցաբերել այնպիսի զգայուն հարցերի նկատմամբ, ինչպիսիք են Էգեյան ծովը և Հունաստանում թուրքական փոքրամասնությունը: Միաժամանակ նա ընդգծել է առկա տարաձայնությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Անդրադառնալով հաջորդ տարի Անկարայում կայանալիք բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին՝ վարչության պետը լավատեսություն է հայտնել երկկողմ կապերի հետագա զարգացման վերաբերյալ: Նա նշել է, որ այս ձևաչափով խորհրդակցություններն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ և ենթադրում են կողմերի բարձր մակարդակի փոխգործակցություն:
Ալթունը բարձր է գնահատել Թուրքիայի և Հունաստանի համատեղ թեկնածությունների հաջողությունը Եվրոպայի Անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ այդ իրադարձությունը համարելով միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցության ներուժի առկայության վկայություն:
Կիպրոսը դե ֆակտո բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից ի վեր՝ Թուրքիայի զինված ներխուժումից հետո, որը հրահրել էին Կիպրոսում պետական հեղաշրջումն և կղզին Հունաստանին միացնելու փորձը: Կղզու տարածքի երեսունյոթ տոկոսը օկուպացվեց, այնտեղ 1983 թվականին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ ՀԿԹՀ-ն ճանաչել է միայն Թուրքիան։ Կիպրոսի վերամիավորման շուրջ հունական և թուրքական համայնքների միջև բանակցությունները, որոնք ընթանում են ՄԱԿ-ի միջնորդությամբ, ընդհատվեցին 2017 թվականին Շվեյցարիայի Կրան-Մոնտանա քաղաքում կայացած հերթական փուլի ձախողումից հետո: Հունաստանն ու Թուրքիան միայն 2023 թվականի սկզբին են նվազեցրել հարաբերությունների լարվածությունը։ Լինելով ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ՝ նրանք տասնամյակներ շարունակ չէին կարողանում կարգավորել վիճելի հարցերը և տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին։
Խնդրահարույց հարցերի թվում են հունական կղզիների ապառազմականացումը, թուրքական փոքրամասնության վիճակը, որը Հունաստանն անվանում է մահմեդական, և հունական կղզիների շուրջ 10 կմ օդային գոտին: Աթենքը պնդում է, որ բանակցությունների առարկա կարող է լինել միայն ծովային գոտիների սահմանազատումը։ 2020 թվականի ամռանը Հունաստանն ու Թուրքիան երեք անգամ հայտնվել են զինված հակամարտության եզրին, իրականացվել է հունական զինված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա։ Պատճառն այն էր, որ թուրքական Oruç Reis գիտահետազոտական նավը սեյսմահետախուզություն էր սկսել Միջերկրական ծովի արևելյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: