ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի - Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ հունգարական կողմը Կիևից զրույց է խնդրել իր երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի և Վլադիմիր Զելենսկու միջև, սակայն «ոչ քաղաքավարի մերժում» է ստացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վարչապետ Օրբանը մեկ ժամից ավելի հեռախոսով խոսել է Ռուսաստանի նախագահի հետ։ Ես այդ խոսակցության մասին տեղեկացրել եմ ուկրաինացի գործընկերոջը (Սիբիգին) և նախագահի գրասենյակի ղեկավարին (Երմակին) և խնդրել, որ նրանք հնարավորություն ստեղծեն հեռախոսազրույց անցկացնել Հունգարիայի վարչապետի և Ուկրաինայի նախագահի միջև, սակայն... միանգամայն աննախադեպ դեպք դիվանագիտության մեջ. մի տեսակ լարված և ոչ քաղաքավարի կերպով հրաժարվեց»,-ասել է Սիյարտոն Kossuth ռադիոյի եթերում։
Ավելի վաղ` անցնող շաբաթվա ընթացքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսազրույց էին ունեցել: