ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Գումի» շուկայում աշխատող ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13–ին «Գումի» շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առգրավել են մոտ 1 տոննա միս` պատճառաբանելով, որ այն սպանդանոցային մորթ չի անցել։ Ձերբակալվել է 8 մսավաճառ, վաճառակետերն էլ փակվել են։
Մեր տեղեկություններով` մսավաճառներն ազատ կարձակվեն ձերբակալման 72 ժամը լրանալուն պես, և չի բացառվում, որ նրանց մեղադրանքը սահմանափակվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Հիշեցնենք, որ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ձերբակալվածները համապատասխան փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են նախաքննական մարմնին։
Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արդեն 1 տարի է` մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։