Երևանի հյուրանոցներից մեկի 3–րդ հարկում հրդեհ է բռնկվել

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3–րդ հարկի սենյակներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է այսօր` ժամը 11:09–ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
Shamshyan.com–ի տեղեկություններով էլ` հրդեհը բռնկվել է «Expocore» հյուրանոցային համալիրում և «Skoda» սերվիսում։
Հրշեջները, պարեկներն ու քաղաքացիները մի քանի ավտոմեքենաներ են տարհանել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:24-ին: Այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 55 քմ) և ջերմահարվել՝ հարակից երկու սենյակը (մոտ 80 քմ):